Եվրոպայի խորհրդից ՌԴ-ի դուրս գալը կորուստ է ԵԽ-ի համար. ռուս պաշտոնյա
ՌԴ Դաշնային խորհրդի Տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Twitter-ում մեկնաբանել է Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցության մասին այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքերը:
Ավելի վաղ Յագլանդը հայտարարել էր, որ Եվրոպայի խորհրդում ուսումնասիրում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը, քանի որ մտավախություն ունեն կազմակերպության կազմից նրա դուրս գալու վերաբերյալ: Գլխավոր քարտուղարը նշել էր, որ ՌԴ-ի դուրս գալը բացասական քայլ կլինի, քանի որ կազմակերպությանն անդամակցումն անհրաժեշտ է Ռուսաստանի քաղաքացիների համար:
«Յագլանդ՝ «Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը հետընթաց կլիներ»: Դա կլիներ մեծ կորուստ ԵԽ-ի համար, և ոչ միայն ֆինանսական առումով: Շատ ավելին, քան Ռուսաստանի համար»,- նշել է Պուշկովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը հրաժարվել է վճարումներ անել Եվրոպայի խորհրդին 2018 թվականի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի համար, մինչև ձայնի իրավունքից զրկված ռուս խորհրդարանականների իրավունքներն ամբողջովին չվերականգնվեն:










