Հունաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23-ի
Հունաստանում փրկարարները հայտնաբերել են այս ամիս ավելի վաղ տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած համարվող վերջին մարդու մարմինը: Այդ մասին հայտնում է AP գործակալությունը: Այդկերպ՝ զոհերի թիվը հասել է 23-ի:
Դա Հունաստանում 1977 թվականից ի վեր ամենածանր հետևանքներով ջրհեղեղն է. այդ ժամանակ Աթենքում ջրհեղեղների հետևանքով զոհվել էր 37 մարդ:
Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքով ծանր վնասվածքներով հոսպիտալացված տարեց կինը մահացել է հիվանդանոցում անցած շաբաթվա վերջին:
Աթենքի ծայրամասերում գրանցված ջրհեղեղն առաջացել էր փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով: Ջրի տակ են հայտնվել հարյուրավոր տներ, ճանապարհներ և ձեռնարկություններ: Փողոցները վերածվել են ցեխի «գետերի»՝ իրենց հոսանքի մեջ առնելով բազմաթիվ ավտոմեքենաներ:










