Ղրղզստանի նոր նախագահն ազգային հերոսի կոչում է շնորհել իր նախորդին՝ Ալմազբեկ Աթամբաևին

10:43 • 27.11.17

Ղրղզստանի նոր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն իր առաջին նախագահական հրամանագրով ազգային հերոսի կոչում է շնորհել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Նշենք, որ Ժեենբեկովն ընտրվել է Ղրղզստանի նախագահի պաշտոնում հոկտեմբերի 15-ին կայացած համաժողովրդական ընտրությունների միջոցով: Նա դարձել է երկրի 5-րդ նախագահը:

Նորընտիր նախագահի առաջին գործը եղել է Աթամբաևին Ղրզստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման շնորհման մասին հրամանագրի ստորագրումը՝ ղրղզ ժողովրդին մատուցած մեծ ծառայության, երկրի անկախության, խաղաղության, համերաշխության ու ազգային միասնության ամրապնդմանն ուղղված անձնվեր աշխատանքի, ինչպես նաև քաղաքական կամքի ու խիզախության դրսևորման համար:

Նախկին նախագահին շնորհվել է ազգային հերոսներին տրվող «Աք Շումքար» շքանշանը:
   
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը ՝ Ալմազբեկ Աթամբաևն իր պաշտոնավարման եզրափակիչ մամուլի ասուլիսում ներողություն է խնդրել բոլորից, ում վիրավորել է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ երկրի խորհրդարանն ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը: Համաձայնագիրը չեղարկվել է Բիշքեքի և Աստանայի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը տեղի է ունեցել Ղրղզստանում հոկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններից առաջ: 

Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացել են Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում, երբ տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ՝ ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման պատճառով: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։

ԵԱՏՄ անդամ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ:

Ավելի ուշ Աթամբաևը հայտարարել է, որ հնարավոր է՝ սխալ է եղել, երբ «չափազանց էմոցիոնալ» է արտահայտվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հասցեին: