Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական միության շենքի վրա հարձակման գործով 1 մարդ է ձերբակալվել

12:50 • 27.11.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա քաղաքում հայկական միության շենքի վրա հարձակման գործով մեկ մարդ է ձերբակալվել, այս մասին տեղեկացնում է gazetekarinca.com կայքը:

Կասկածյալի անձնական տվյալներն առայժմ չեն հրապարակվում:

Նշվում է, որ կասկածյալը տարվել է ոստիկանություն, դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա ընդունել է մեղքը, կամ ինչպես է մեկնաբանել իր արարքը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մալաթիայում անհայտ անձը հարձակում է գործել քաղաքում գործող հայկական միության շենքի վրա: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են քարով միության շենքի պատուհանը կոտրած անձի փախուստի պահը, առկա տեսաձայնագրությունների հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Տեսախցիկները ֆիքսել են, որ կասկածյալի մի ձեռքում քար է եղել, որով նա կոտրել է հայկական միության պատուհանի ապակին, մյուս ձեռքում՝ պոլիէթիլենային տոպրակ: Անցորդներից մեկն այդ պահին հետևել է նրա գործողություններին: