Երևանի Այվազովսկի փողոցի տներից մեկում հակատանկային արկ է պայթել. մեկ մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է
Երևանի Էրեբունի թաղամասի Այվազովսկի փողոցի տներից մեկից քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ինչի մասին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանություն:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց.«Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:30 հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ձախ ձեռքի ջնջխված վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ հայտնաբերվել է հակատանկային արկի բեկորներ (մոտ 4-5 հատ):
Ըստ Shamshyan.com–ի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը՝ 63-ամյա Արամայիս Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Այվազովսկի 7 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն:










