Մինչև «Իգլա»-ի համար Վրաստան գնալը, գնացել եմ ՊՆ, որ տեղյակ պահեմ, թե ինչպես կարելի է զենք բերել ու նվեր տալ. ամբաստանյալի պաշտպանական ճառը
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Իգլա»-ի գործով դատաքննությունն ավարտվել է, այսօրվա նիստին ամբաստանյալները հանդես եկան պաշտպանական ճառով:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ասաց, որ Սամվել Բաբայանը զենքի փոխադրման հետ որևէ առնչություն չի ունեցել, իսկ ինքը նպատակ է ունեցել զենք ձեռք բերել և նվիրել բանակին:
«Հարգելի դատարան, գիտեք չէ՞ որ ես զինվորական եմ, պատերազմի մասնակից 1988-ից: Մասնակցել եմ մեր պատերազմին, կոչումով փոխգնդապետ եմ, ծառայել եմ, շնորհակալագրեր, մեդալներ, մի խոսքով: Ուրեմն ես Բելառուսիայից ու Թուրքիայից էի զենքեր բերում, ինձ շատ շնորհակալություն էին հայտնում, երկինք էին հանում՝ վայ, ապրի մեր ախպերը, բերեց, հասցրեց, մենք էլ կռվեցինք։ 2007-ին դուրս եմ գալիս համակարգից, գնում եմ Սիբիր: Սկսվում է ապրիլյան պատերազմը, գալիս ենք հասնում ենք, մեր ձևերով, մեր դիրքերին, էդ էլ մեր պարտականությունն է ազգին: Մայիսի 24-ին մեզ ասում են՝ էլ պետք չեք, ձեր ծառայությունն արեցիք: Ժորիկը (ամբաստանյալ Ժորա Զաքարյանը, խմբ.) գալիս, ասում է՝ կապեր ունես, անտեր մնացած Պարսկաստանից մարդիկ կան, ուզում են ներդրում անեն, կարո՞ղ ես վարչապետի հետ ծանոթացնես: Ասում եմ՝ հա, իրան հետս բերում եմ Ղարաբաղ, ասում եմ՝ էս կռվին լավ քյոմակ չեմ արել, զենք բան լինի ասեք առնեմ, նվեր տամ: Էս խոսակցությունը եղել է մայիսին, բայց Սամվել Բաբայանի հետ որևէ խոսակցություն չի եղել, կապում են Բաբայանի հետ»,-ասաց Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ Ժորա Զաքարյանը իրեն ասել է, որ կա մեկ հոգի՝ Հրաչյա անունով, որը կարող է նման գործ անել. «Դե ես չեմ իմանում, որ ինքն ագենտ է, ասում է զենքեր՝ կան Վրաստան, գնանք նայենք: Գնում ենք Վրաստան, չի ստացվում, հետ ենք գալիս, նորից դեկտեմբերին գնում ենք Վրաստան: Մինչև էդ գնում եմ ՊՆ, որպեսզի տեղյակ պահեմ, թե ոնց կարելի է զենք բերել, որ նվեր տամ: Դեկտեմբերին գնում ենք Վրաստան, տեսնում ենք՝ զենք չկա, էլի նույն կազինոն է: Հրաչյայից քյար մնաց, որ սովորեցի էդ կազինոյի ապարատը ոնց են խաղում, նստում ենք խաղում ենք, սպասում ենք զենքը ցույց տան, ու չկա զենքը»:
Այդ ընթացքում, ըստ Գաբրիելյանի պատմածի, իրեն խնդրել են ՕՐՕ դաշինքի համար նախընտրական շտաբ բացել, որն էլ չի մերժել:
Ինչ վերաբերում է զենքին, ամբաստանյալն ասաց. «Էդ զենքերի մասին սաղ աշխարհը գիտեր, գիտեր, որ ուզում եմ զենք նվեր տամ, էդտեղ ի՞նչ կար, որ ես թաքցնեի: Մեկ էլ հայտնվում է կինոյի հերոսը՝ Հրաչը Մայիլյան: Ասում է՝ մոտներս զենք կա, տրուբա: Ես ասել եմ՝ մի հատ նայեմ, տեսնեմ՝ բանի պե՞տք է, որ գնամ նախարարություն ասեմ զենք կա, նվեր եմ տալիս: Տեսնում եմ պարոն Բաբայանին, հարցնում եմ, թե սա պետքակա՞ն է, ինքն էլ ասում է՝ այ ցավդ տանեմ, սա ընդամենը խողովակ է, բացակա մասեր ունի»:
Գաբրիելյանն ասաց, որ դրանից որոշ ժամանակ հետո ուղևորվել են Արցախ, սակայն Սևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են մեքենան, ասել են, որ կասկածում են, որ մեքենայի մեջ զենք կա. «Այդտեղից հետ եմ վերադառնում Ժորայի մոտ: Ասում եմ՝ գնում, էդ Հրաչին ասում ես՝ էդ տրուբեն կվերցնեմ...: Չգիտեմ Ժորան Հրաչին նույն կերպ է ասել, թե չէ, բայց զանգում ասում է՝ էդ տրուբեն ուղարկել են Սիրիա: Մեկ էլ քնած եմ, դուռը թըխկ, թըխկ՝ անվտանգությունն է, ասում են՝ Բաբայան Սամվելը զակազչիկ ա, ասում եմ՝ այ ցավդ տանեմ, Սամվել Բաբայանը դրա հետ կապ չունի, ես զուտ հարց եմ տվել: Ես էլ հետո Հրաչյային ասել եմ՝ գնա, չեմ ուզում, փող չկա: Բաբայանին նույնիսկ տեղյակ չեմ պահել, որ հրաժարվել եմ:
Հիմա պարոն մեղադրողը այնպես է վերաբերում մեզ, որ իբր կանաչ բոստան ենք պաժառ տվել, ի՞նչ ենք արել, ազգի դավաճա՞ն ենք: Չէ, հարգելի մեղադրող: Եթե Հրաչ Մայիլյանն այդ զենքը բերում է, նախ՝ ո՞ւր է Մայիլյանը, նախ զենքը իրեն որտեղի՞ց, ո՞ւմ կաշառք տվեց, որ զենքը վերցրեց»:
Սանասար Գաբրիելյանն ասաց, որ շնորհակալության տեղը տանում են «ԱԱԾ-ի նկուղ»: Անդրադառնալով մեղադրող դատախազին՝ ամբաստանյալն ասաց. «Մենք թշնամի չենք, կապել, բերել ես։ Բռնել ես, լավ, հասկացանք, պետք է նստենք, եթերում ենք, նստում ենք, գոնե մի մեղադրի, որ մեղավոր ճանաչեք մեզ, որ էթանք նստենք: Թե չէ՝ զենքը բերին, զենքը տարան, վայ հասեք: Թեկուզ բերած էլ լինեմ, հարգելի դատարան, մեր թշնամին թուրքն է: Հիմա վախենում եմ գիտեք ինչի՞ց, սրանից պրծնենք, Աստված էլ բեթարից ազատի: Հիմա էլ կարող է ասեք՝ «եղբայրական» Ադրբեջանին ինչո՞ւ կրակեցիք»:
Սանասար Գաբրիելյանը ներկայացրեց նաև մեղմացնող հանգամանք հանդիսացող փաստաթղթեր:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց, որ մեղադրանքը հիմնավոր է:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Սանասար Գաբրիելյանը մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնության գալով, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր են ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել։ Սանասար Բաղդասարյանի համար դատախազը պահանջել է 4 տարվա ազատազրկում:
Ամբաստանյալների վերջին խոսքից հետո նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը գնաց խորհրդակցական սենյակ: Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին:










