ՀՀ իշխանությունները հասկացան, որ ԵԱՏՄ-ից օգնություն չեն ստանա, դրա համար գնացին ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմանը. Ստ. Գրիգորյան (տեսանյութ)

20:00 • 27.11.17

Շատ գնահատելի է, որ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նա նշեց, որ համաձայնագրի ստորագրումը հաջողելու գործում մեծ էր նաև հասարակության դերը, որը «զգայուն էր այս պրոցեսի նկատմամբ, իշխանությունները դա հասկացան ու աշխատեցին»: 

«Իշխանությունները ստորագրեցին այս փաստաթուղթը որովհետև ԵԱՏՄ շրջանակներում խնդիրներ առաջացան, ԵԱՏՄ-ից ունեցած սպասելիքները չարդարացան, լրջագույն խնդիրներ առաջացան՝ վարորդական վկայականների խնդիրը, հայ-վրացական սահմանին առևտրի փակումը և այլն: Այս բոլոր գործոնները լրջացրին Հայաստանի իշխանություններին: Նրանք հասկացան, որ ԵԱՏՄ-ից օգնություն չեն ստանում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետն ասաց, որ Հայաստանի միակ աջակիցը, ֆինանսավորողը Եվրամիությունն է և ՀՀ իշխանությունները սա հասկացան:

«Պարզ է, որ Ռուսաստանն ուրախ չէ, դեմ է, որ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան անկախ քայլեր անեն, բայց մեր իշխանությունները բացատրեցին, որ տարբերակ չկա, պետք է գնան ստորագրեն: Այո՛, այս պայմանագիրն այնքան խորը չէ, որքան 2013թ.-ի Ասոցացման համաձայնագիրը, բայց մեզ համար օգտակար դրույթներ ունի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այս համաձայնագիրը պետք է կյանքի կոչել, ջանքերն ուղղել դրա իրականացմանը, որ մարդիկ հերթական անգամ պետք է չհիասթափվեն: