Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել ադրբեջանցի գործարարի վրա բենզին լցրած ոստիկանի նկատմամբ
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ոստիկանության՝ Մոսկվայի մարզի Կորոլյով քաղաքում ադրբեջանցի գործարար Ռովշան Ալլահվերդիևի վրա բենզին լցրած աշխատակցի դեմ:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, իրավապահները Միխայիլ Վինոգրադով անունով ոստիկանին ձերբակալելու նպատակով հատուկ գործողություն են իրականցրել, սակայն նրանց հաջողվել է ձերբակալել նրա հանցակցին՝ ոստիկանության աշխատակից Օլեգ Խրիստինովին, ինչպես նաև ևս մի ոստիկանի: Ինչ վերաբերում է Վինոգրադովին, ապա նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին: Միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող Ալլահվերդիևը պարբերաբար գումար է վճարել ոստիկանին: Սակայն վերջին անգամ ադրբեջանցին հրաժարվել է գումար տալ, ինչից հետո Վինոգրադովը սպառնացել է այրել նրա կրպակը:
Ադրբեջանցու կտրուկ մերժումից հետո ոստիկանը մեքենայից բերել է վառելիքով շիշն ու բենզինը լցրել Ալլահվերդիևի վրա: Այնուհետև տուժածը, կորցնելով հավասարակշռությունը, ինքն իրեն հրկիզել է:
Հոսպիտալացումից հետո տված վկայություններում Ալլահվերդիևը պատմել է, որ Վինոգրադովն ու ձերբակալված մյուս 2 ոստիկաններն իրենից 10 տարի շարունակ գումար են պահանջել, որպեսզի թույլ տան աշխատեցնել կրպակը:










