Ռուս պաշտոնյաները վերջին 4 տարում 263 մլրդ ռուբլու թանկարժեք ավտոմեքենաներ և հուշանվերներ են գնել. ուսումնասիրություն
«Համառուսաստանյան ժողովրդական ճակատ» հասարակական շարժման ակտիվիստները վերջին չորս տարում բացահայտել են պետգնումների իրականացման ընթացքում կոռուպցիայի 925 դեպք՝ ընդհանուր 263 միլիարդ ռուբլի արժեքով: Այս մասին հայտնել է նախագծի համակարգող, Պետդումայի պատգամավոր Անտոն Գետան Նովոսիբիրսկում ՀԺՃ-ի հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ:
«Դրանց շարքում պետընկերությունների ղեկավարների և պետծառայողների համար 10-ական միլիոն ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներ են, քմահաճություններ, որոնք կապված են չվերթների հետ, տարբեր հուշանվերներ...», - մեջբերում է ТАСС-ը Գետայի խոսքը:
Գետան որպես օրինակ է բերել երկու դեպք. Տրանսպորտի դաշնային գործակալությունը (չի նշվում՝ որը) ղեկավարների համար 3 կամավոր բժշկական ապահովագրություն է ձեռք բերել 245 հազար ռուբլիով, իսկ Պետական փորձաքննությունների գլխավոր վարչությունը՝ մեկ ապահովագրություն՝ 181 հազար ռուբլիով:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ ապրիլին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ֆինանսների նախարարությանը փոխանցել է պետգնումների ոլորտում քաղաքականություն մշակելու լիազորությունները: 2016 թվականի արդյունքներով՝ Հաշվիչ պալատն այս ոլորտում արձանագրել է 900 խախտում:










