Կալիֆորնիայում սպիտակ շնաձուկը հարձակվել է 25-ամյա հայ երիտասարդի վրա (տեսանյութ)

12:02 • 28.11.17

Կալիֆորնիայի Փեբլ լողափում ուրբաթ սպիտակ շնաձուկը հարձակվել է իր հոր հետ ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա, հայտնում է Huffington Post-ը:


Շնաձուկը կծել է տղամարդու ոտքը՝ նրան ծանր վնասվածք հասցնելով։ Նրան օգնել են ափ դուրս բերել ծառայությունից դուրս գտնվող 2 ոստիկան, որոնք ձկնորսությամբ էին զբաղվում մոտակայքում։ Այնուհետ նա տեղափոխվել է Սալինասում գտնվող «Նատիվիդադ» հիվանդանոց:


Տղամարդը հիվանդանոցում վիրահատություն է տարել, ինչից հետո, հաղորդումների համաձայն, կայուն վիճակում է:


Հաղորդվում է, որ Գրիգորը և նրա հայրը՝ Արմեն Ազատյանը, ափից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են գտնվել, երբ շնաձուկը բռնել է որդու աջ ազդրը:


Տեղի փրկարարական ծառայությունների տվյալներով՝ Մոնտերե շրջանի ափամերձ հատվածներում շնաձկներ չէին գրանցվել վերջին շրջանում:


Տղայի հայրը պատմել է, որ մեծ սպիտակ շնաձուկը երկու կամ երեք անգամ կծել է իր որդուն, մինչև հաջողվել է նրան ջրից դուրս հանել:


Ազատյանը պատմել է, որ չի տեսել հարձակման պահը, բայց հասկացել է, որ աղետալի մի բան է պատահել՝ լսելով որդու ձայները: Նրա խոսքով՝ դա «սարսափելի տեսարան» էր, բայց նա արագ ուշքի է եկել՝ որդու արյունահոսությունը դադարեցնելու համար:


Նրա խոսքով՝ 25-ամյա որդին հանգիստ է եղել ամբողջ ընթացքում:


Գրիգորի խոսքով՝ շնաձուկը մոտ 4.5 մետր է եղել:


Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ մինչ հայրը գնացել է որս փնտրելու, Գրիգորը ստորջրյա լուսանկարներ է անելիս եղել, այդ ժամանակ էլ նա նկատել է շնաձկանը, որը կարծես նկատելով իրեն՝ հետ է լողացել: Գրիգորը դուրս է եկել ջրի երես հորը շնաձկան մասին նախազգուշացնելու համար, սակայն շնաձուկը վերադարձել է հետևից և հարձակվել նրա վրա:


«Շնաձուկը բռնել էր նրան և բաց չէր թողնում, այն առնվազն երկու անգամ կծել է նրան»,- պատմել է Արմեն Ազատյանը:


Տղան փորձել է ազատվել նրանից, չկարողանալով հասնել իր ոտքին ամրացված դանակին՝ նա մի քանի անգամ հարվածել է շնաձկան դեմքին:


«Որդիս ողջ է: Դա ամենալավ բանն էր, որ ես կարող էի պատկերացնել: Ես այնքան շնորհակալ եմ»,- ասել է հայրը:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: