Եգիպտոսում քրիստոնյաների վրա հարձակումներ պլանավորող ահաբեկիչներ են ձերբակալվել

17:38 • 28.11.17

Եգիպտացի ուժայինները Սինայի թերակղզու հյուսիսում վնասազերծել են ահաբեկչական խմբավորման, որը հարձակումներ էր պլանավորել կենսական կարևորություն ունեցող օբյեկտների և քրիստոնեական տաճարների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եգիպտոսի ՆԳ նախարարությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է վեց մարդ:


Եգիպտացի ուժայինները ծայրահեղականների մեկ այլ խմբի վրա գրոհելիս փոխհրաձգության ժամանակ ոչնչացրել են 11 ահաբեկչի: Ծայրահեղականների տներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռացիաներ, հրազեն, ինչպես նաև պայթուցիկներ:

Հիշեցնենք, որ ուրբաթ Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, մահացել է 309 և վնասվածքներ ստացել մոտ 130 մարդ:

Գրոհայինները մոտեցել են մզկիթին չորս մեքենայով, գործի են դրել պայթուցիկ սարքը, իսկ այնուհետև, տեղակայվելով մզկիթի մուտքի և բոլոր 12 պատուհանների առաջ, կրակ են բացել ուրբաթօրյա աղոթքի ժամանած այցելուների ուղղությամբ:

Ինչպես հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թամեր Ռիֆային, հարձակմանը ներգրավված գրոհայինները ոչնչացվել են Էր Ռիսան քաղաքում: Նրանց ոչնչացման գործողությանը մասնակցել են նաև անօդաչու սարքեր:

Ահաբեկչությունից հետո Եգիպտոսի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: