Ռուսաստանում խորովածանոցի հայ տերը հանել է Միխայիլ Գալուստյանի նկարով գովազդային պաստառը

10:57 • 28.11.17

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքի խորովածանոցներից մեկի հայ տերը ստիպված է եղել հաստատության վրայից հանել հայտնի դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանի նկարով գովազդային պաստառը:

Ինչպես նշում է tjournal.ru կայքը, արագ սննդի կետի սեփականատեր Կարեն Արզաքանցյանը խոստովանել է, որ Գալուստյանին խոհարարի կերպարով իր խորովածանոցի գովազդային պաստառին է պատկերել, քանի որ նրան շատ է հարգում՝ որպես արտիստի:

«Նա միշտ էլ դուրս եկել է: Ես հայ եմ, նա հայ է: Հաճելի է գիտակցել, որ մենք այսպիսի տաղանդավոր մարդիկ ունենք: Բայց պաստառը ես արդեն հանել եմ»,-ասել է հայ գործարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության Չելյաբինսկի վարչությունը ստուգում էր սկսել Միխայիլ Գալուստյանի բողոքի հիման վրա:

Դերասանը պաստառին ներկայացված էր խոհարարի տեսքով ու գովազդում էր ածխի վրա պատրաստված խորոված, շաուրմա:

Համաձայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի՝ առանց քաղաքացու համաձայնության գովազդային նպատակներով նրա պատկերի կամ լուսանկարի օգտագործումն արգելված է: