ԱՄՆ-ն դեռ չի դադարեցրել սիրիացի քրդերին զենքի մատակարարումները. Պենտագոն

11:13 • 28.11.17

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը շարունակում է զենք մատակարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման քրդական ջոկատներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Մենինգը՝ պատասխանելով հարցերին, թե արդյոք ստացվել է այդ մատակարարումները դադարեցնելու հրաման, հայտնում է The Hill-ը:


Նրա խոսքով՝ ռազմական գերատեսչությունում «միայն սկսել են ուսումնասիրել քուրդ գործընկերներին ռազմական աջակցության տրամադրման հարցում առաջնահերթությունների փոփոխությունների հնարավորությունը»: Կարևորը Սիրիայի տարածք ԻՊ-ի գրոհայինների վերադարձը թույլ չտալն է, նշել է գնդապետը:


«Մենք Թուրքիային ամենասկզբից հասկացրել ենք, որ քրդական ջոկատներին զենքի մատակարարումները կլինեն սահմանափակ, առաքելությունը՝ կոնկրետ, և աստիճանաբար մեծացրել ենք այդ մատակարարումների ծավալը՝ դրված խնդիրը՝ ԻՊ-ի գրոհայինների ոչնչացումն իրականացնելու նպատակով»,- հավելել է Մենինգը:


Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «հստակ հրահանգներ է տվել» քրդերին զենքի մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ:


Սպիտակ տունը հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում նշել է, որ Թրամփը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին «Սիրիայում մեր գործընկերներին տրամադրվող ռազմական աջակցության վերաբերյալ սպասվող փոփոխությունների մասին»: