Պենտագոնը հայտնել է Սիրիայում ԱՄՆ զորախմբի թվաքանակը

12:59 • 28.11.17

Սիրիայում ԱՄՆ զորախմբի թվաքանակը երեք անգամ ավելի շատ է, քան հաղորդվում էր նախկինում: Այդ մասին ասված է երկուշաբթի հրապարակված ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարին կից գործող անձնակազմի թվաքանակի հաշվառման կենտրոնի եռամսյակային զեկույցում: Զեկույցում ներկայացված են այս տարվա սեպտեմբերի տվյալները: Այդ մասին հայտնում է ABC News-ը:


Ինչպես նշվում է փաստաթղթում, այժմ Սիրիայի տարածքում տեղակայված է 1720 ամերիկացի զինծառայող, նախկինում հաղորդվում էր 500 զինվորականի մասին:


Զեկույցում ներկայացված են նաև Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների վերաբերյալ թվերը:


Իրաքում, հրապարակված տվյալների համաձայն, տեղակայված է 8992 ամերիկացի զինծառայող, ինչը գրեթե 3,5 հազարով ավելի շատ է, քան ավելի վաղ հայտարարում էր Պենտագոնը՝ 5262:


Աֆղանստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ եղել է 15282 ամերիկացի զինծառայող, ինչպես նաև ռազմական գերատեսչության 1202 քաղաքացիական աշխատակից: Համաձայն դեռ երկու շաբաթ առաջ նախարարության կողմից հրապարակված պաշտոնական տվյալների՝ երկրում տեղակայված է 14 հազար զինծառայող: Նրանց թիվն աճել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր օգոստոսի վերջին այդ երկիր ուղարկել լրացուցիչ 3,9 հազար մարդ:


Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբերտ Մենինգը նշել է, որ զեկույցում ներկայացված թվերը տվյալ վայրերի վերաբերյալ նախնական գնահատականներն են եղել, որոնք ներառել են կարճաժամկետ տեղակայումները և ռոտացիոն կարգով գտնվող զորքերը, և հավելել է, որ Պենտագոնն անվտանգության և իր դաշնակիցների հետ պայմանավորվածություններից ելնելով դեռևս պատրաստ չէ այլ տվյալներ տրամադրել Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի թվաքանակի վերաբերյալ: