Դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով. Սերժ Սարգսյանը՝ ՀՔԾ քննիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հակակոռուպցիոն պայքարին՝ ասելով, որ հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա:
«Հարգելի՛ քննիչներ,
Ձեր կողմից քննվող քրեական գործերը բազմատեսակ են՝ կոռուպցիոն երևույթներից մինչև ընտրախախտումներ:
Օրենքով տրված լիազորությունների ուժով դուք առնչվում եք երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին վերագրվող ենթադրյալ իրավախախտումների հետ: Դուք գործ ունեք նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց, ներառյալ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված առերևույթ արարքների հետ: Միաժամանակ, օրենքով նշված հատուկ հիմքերի առկայության դեպքում ձեզ կարող են փոխանցվել իրենց հանրային հնչեղությամբ կամ բացառիկ նշանակությամբ առանձնացող գործեր, որոնց համակողմանի և անաչառ քննությունը պետք է երաշխավորված լինի:
Այլ կերպ ասած՝ ձեզ է վերապահվել պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի խումբ գործերի քննությունը: Դա սկզբունքայնության և ազնվության մեծ ռեսուրս պահանջող առաքելություն է: Սա խոսում է ինչպես ծառայության նկատմամբ առկա բարձր վստահության, այնպես էլ ձեզնից եղած մեծ ակնկալիքների մասին:
Կասկածից վեր է, որ ապացույցների գնահատման և փաստերի հաստատման դժվարին գործում ձեր գլխավոր ուղենիշը պրոֆեսիոնալիզմն է լինելու: Որպես ինքնուրույն պետական մարմնի ներկայացուցիչներ՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով: Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները: Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչև հասարակության յուրաքանչյուր անդամ: Հատուկ քննչական ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը:
Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երևույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը:
Վիճակագրությունը փաստում է, որ ձեր քննած գործերի գրեթե կեսը վերաբերում է կոռուպցիոն և պաշտոնական բնույթի հանցագործություններին: Ուստի, նման երևույթներին դիմակայելու ձեր քայլերը պետք է համաչափ լինեն դրանց բնույթին և տարածվածությանը:
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ: Եվ այս կապակցությամբ ձեր ծառայությունից ակնկալում ենք պատշաճ ջանասիրության ցուցաբերում:
Ձեր գործունեության առանցքային բաղադրիչներից է նաև խոշտանգումների դեպքերի քննությունը և բացահայտումը:
Մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նվիրված իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ մեր երկրի Սահմանադրության մեջ խոշտանգման կամ նմանատիպ դրսևորումների անթույլատրելիության մասին հոդվածները սակավաբառ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նման երևույթների դեմ պայքարը պակաս է արժևորվում կամ մղվում է հետին պլան: Համոզված եմ, որ սա հենց այն դեպքն է, երբ սեղմ բովանդակությունն ավելի է ընդգծում բացասական երևույթի դեմ զրո հանդուրժողականություն դրսևորելու անհրաժեշտությունը:
21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն զարմանքով և հակակրանքով: Այնուհանդերձ, ցավալի է, որ դրանք հազվադեպ չեն և տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Ինձ համար ավելի ծանր է, երբ նման դեպքեր են արձանագրվում Հայաստանում:
Նախորդ տարվա համեմատությամբ 2017 թվականի ընթացքում խոշտանգումների վերաբերյալ ձեր քննած գործերի քանակը պակասել է: Սակայն այդ փաստն ինքնին մեզ համար չի կարող հուսադրող լինել: Խոշտանգման դեպքերը մեծ մասամբ թաքնված բնույթ ունեն: Այդ հանգամանքը պարզապես պարտավորեցնում է մշակել և կիրառել դրանք ի հայտ բերելու նոր և արդյունավետ մեթոդներ: Կարծում եմ, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու գործնական իրացումը մեզ թույլ կտան այս ասպարեզում զգալի հաջողություններ գրանցել և նվազագույնի հասցնել ռիսկերը»,– ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:










