Միջերկրական ծովով փախչող ներգաղթյալները շնաձկների զոհ են դարձել (տեսանյութ)
Միջերկրական ծովով Աֆրիկայից Իտալիա փախչող ապօրինի ներգաղթյալների մի մասը նավի շրջվելու պատճառով շնաձկների զոհ է դարձել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ծովային գիշատիչների հարձակման հետևանքով զոհվածների հստակ թիվը հայտնի չէ:
Աղբյուրը նշում է, որ նավի խորտակման հետևանքով խեղդվել է 31 մարդ՝ այդ թվում նաև 18 կին ու 3 երեխա, ևս 40-ը համարվում է անհետ կորած:
Լիբիայի առափնյա անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ ներգաղթյալների փրկության գործողության արդյունքում ցամաք է հանվել 200 մարդ: Փրկարարների համաձայն, երբ իրենք դեպքի վայր են հասել կիսով չափ խորտակված նավի մոտ, մեծ կապույտ շնաձկների են նկատել:
«Կային բազմաթիվ մարդկային մարմիններ, որոնց արանքներում լողում էր 4-5 մեծ շնաձուկ: Դրանք համարվում են շնաձկների ամենաագրեսիվ տեսակներից»,- պատմել է փրկարարներից մեկը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ նախորդ եռամսյակում Միջերկրական ծովով Իտալիա է ժամանել 21.666 ապօրինի ներգաղթյալ:











