Գյումրիում դանակահարվել է Օլիմպիական մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտը. բաժին է ներկայացվել հասակակիցը

15:56 • 28.11.17

Նախօրեին Գյումրիում անչափահաս է դանակահարվել: Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:45-ին՝ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական  հիվանդանոցից»:

Նրա ահազանգի համաձայն՝ կտրած–ծակած արյունահոսող վերք ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 2001 թվականին ծնված մի երիտասարդ:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին է ներկայացվել 2001 թվականին ծնված  երիտասարդ, ով խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում կատակելիս գրպանի ծալովի դանակով անզգուշաբար հարվածել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին պատճառելով նշված վնասվածքը»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

Tsayg.am-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է: