Թաիլանդի վարչապետը ներողություն է խնդրել ձկնորսից՝ նրա վրա ձայն բարձրացնելու համար
Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայուտ Չան Օչան Facebook-ում ներողություն է խնդրել Պատանի նահանգում բնակվող ձկնորսից՝ նրա վրա ձայն բարձրացնելու համար:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի վարչապետն այցելել է Պատանի նահանգ: Ելույթի ընթացքում ձկնորսը բարձրացրել է ձայնը, քանի որ նրա շուրջ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ սկսել են բարձր խոսել:
Ձկնորսը խոսել է այն մասին, որ ձկնորսության ոլորտում կառավարության սահմանած վերահսկողության միջոցառումները, այդ թվում՝ տարվա մեջ 220 օրից ավելի ծով դուրս գալու արգելքը, որի նպատակը երկրում ձկնորսությունը Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցնելն է, իրականում մեծապես նվազեցնում են ձկնորսների եկամուտը:
Վարչապետը, նրա բղավոցն ընդունելով որպես կոպտություն, ինքն է գոռացել տղամարդու վրա:
«Պետք չէ գոռալ ինձ վրա: Պետք չէ ճնշում գործադրել ինձ վրա: Կառավարությունն առանց դրա էլ պատրաստ է լսել ձեզ և հասկանալ ձեր խնդիրները», - ասել է վարչապետը:
Նշվում է, որ Թաիլանդում ընդունված չէ գոռալ իրար վրա նույնիսկ վեճի ամենաթեժ պահերին, և գոռացող մարդը կորցնում է դեմքը, իսկ նա, ում վրա նա գոռում է, ուժեղ վիրավորանք է ստանում:
«Վարչապետը զղջում է, որ երեկ Պատանիում անհարգալից է խոսել ձկնորսի հետ», - ասվում է պաշտոնյայի ֆեյսբուքյան էջում:
Գրառման մեջ նաև շոշափվում է ձկնորսության ոլորտում խախտումների կանխարգելման թեման՝ բացատրելով, որ դրանց նպատակը շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնելն է, որպեսզի ձկնորսությունն ապագա ունենա:










