ԵՄ-Հայաստան համաձայնագիրը հայտնվել է ռուսական լրատվամիջոցների քննարկման կենտրոնում. НТВ հեռուստաալիքի անդրադարձը (տեսանյութ)

22:15 • 29.11.17

Ռուսական НТВ հեռուստաալիքի «Հանդիպման վայրը» ծրագրի երեկվա թողարկման շրջանակներում ռուս մեկնաբանները, քաղաքագետներն ու լրագրողներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին՝ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման ֆոնին:

Հաղորդման շրջանակներում ելույթ ունենալիս քաղաքագետ Օլեգ Բարաբանովը, վերլուծելով Եվրոպա-Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ասել է. «Հայաստանն, իհարկե, Եվրոպային պետք չէ, խնդիրը պարզ է՝ սեպ խրել Եվրասիական միությունում, որը նոր-նոր է սկսում զարգանալ: Այստեղ հարցը Եվրոպային չի ուղղվում, քանի որ Եվրոպան միշտ էլ այդպես է վարվել: Այստեղ հարցն ուղղվում է Հայաստանին»: Քաղաքագետը Հայաստաննը համեմատել է «Տրոյական ձիու» հետ՝ ակնարկելով, որ Եվրամիության հետ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին առևտրի ոլորտում շրջանցել Եվրասիական միությանը:

Հաղորդման շրջանակներում հիշատակվել է նաև Գարեգին Նժդեհի անունը, որին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:

Քաղաքագետներից մեկի կարծիքով էլ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնում է հոգևոր նկատառումներից ելնելով՝ «ձգտելով իր տիրապետության տարածքում ունենալ Արարատ լեռը, ինչին չկարողացավ հասնել Թուրքիայի միջոցով»:

Քաղաքագետների կարծիքը հիմնականում համընկնում էր այն հարցում, որ Եվրամիությունը ձգտում է հրապուրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին և հաջորդը լինելու է Բելառուսը:

Բացի այդ, նրանց կարծիքով՝ Բրյուսել մեկնելուց առաջ ՀՀ նախագահը Ռուսաստան կատարած այցի ժամանակ ստացել է Մոսկվայի համաձայնությունը տվյալ համաձայնագրի կնքման շուրջ: