ՍԾՏՀ ԽՎ-ում hակահայկական հռչակագիրն ընդունվեց մեծամասնության ձայներով

18:08 • 29.11.17

Քիչ առաջ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Tert.am-ը տեղեկացրել էր, որ ՍԾՏՀ ԽՎ 25 ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային 3 հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում:

Գ. Գորգիսյանն ասաց, որ հակահայկական բանաձևի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետև այն անցկացվում է Ուկրաինայում:

«Քվեարկությունից առաջ Հայաստանի պատվիրակությունը ելույթ ունեցավ, մենք ահազանգեցինք, որ նման մոտեցումն անթույլատրելի է, 25 տարիների ընթացքում նման բան չէր եղել, որ հռչակագրի մի դրույթում փոփոխություն իրականացնելու համար պատվիրակություններից մեկին, այս դեպքում Հայաստանին, չհրավիրեն»,- ասաց Գորգիսյանը: