Ագունգ հրաբխի ժայթքումից հետո Բալիի օդանավակայանը վերաբացվել է

14:54 • 29.11.17

Ինդոնեզական Բալի զբոսաշրջային կղզու միջազգային օդանավակայանն օրեր առաջ Ագունգ հրաբխի ժայթքումից հետո վերսկսել է աշխատանքը՝ անորոշության մատնված 60.000-ից ավելի մարդու երկրից դուրս գալու հույս պարգևելով:

Ինչպես հայտնում է Reuters-ը, երկրի իշխանությունները տեղեկացրել են, որ այսուհետ Բալիի միջազգային օդանավակայանն աշխատելու է բնականոն ռեժիմով:

Հայտնի է, որ ավելի վաղ տասնյակ ավիաընկերություններ հրաժարվում էին չվերթներ իրականացնել՝ առաջնորդվելով մտավախությունով, որ հրաբխային մոխիրը կարող է ներթափանցել ինքնաթիռների շարժիչների մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նախօրեին Ագունգ հրաբխից ժայթքած սառը լավայի հոսանքը (մոխրի, փոշու, ցեխի ու ջրի խառնուրդ) թափվել է հրաբխի մոտակայքով հոսող գետերը՝ դրանք դարձնելով սև:

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերից սկսած Ագունգը մի քանի հազար մետր բարձրությամբ մոխիր և փոշի է արտանետում: Մտավախություն կա, որ մոտ ժամանակներն այն կարող է շիկացած լավա ժայթքել: