Մոնթե Մելքոնյանի անվամբ փողոց ունենալու նախագծին Երևանի ավագանին կողմ քվեարկեց. «Ելքը» դժգոհեց, որ ՀՀԿ-ն իրենց նախաձեռնությանը «փայ մտավ»
Երևանու ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգի հարցերից էր «Մոնթե Մելքոնյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» նախագիծը, որը համահեղինակել են Երևանի ավագանու «Հայաստանի Հանրապետական» և «Ելք» խմբակցությունները:
Նախագիծն ի սկզբանե ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, որը քաղաքապետարանի Մշակույթի հանձնաժողովում ՀՀԿ ավագանու կողմից մերժվել էր, բայց հետագայում ՀՀԿ-ն հանդես էր եկել համատեղ նախաձեռնությամբ:
Նախագծով առաջարկվում է Լենինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նորակառույց փողոցն անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անվամբ:
ՀՀԿ-ի անունից զեկույցով հանդես եկավ Սերգեյ Մկրտչյանը, ով նշեց, որ Մոնթե Մելքոնյանի փողոցն անվանակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների առաջարկությունների և քննարկումների արդյունքում, իսկ մինչ այդ օբյեկտիվ պատճառներով ձգձգվել է: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու առաջարկին, խնդրում է՝ մյուսներն էլ միանան իրենց:
Զեկուցողին հարց ուղղեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե ինչ օբյեկտիվ պատճառներ են եղել, որ ձգձգվել է: Հարցին պատասխանեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նշեց, որ հարցը մեկ տարուց ավելի ժամանակ քննարկվել էր, և ձգձգման պատճառը փողոցի հարակից կառուցապատման խնդրին էր վերաբերում: Ըստ նրա՝ սպասեցին մինչև կառուցապատող գտնվի, ծրագիրը հաստատվի, որ փողոցի անվանը վայել լինի:
Անահիտ Բախշյանը հարցրեց, թե ընդամենը մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին կառուցապատողը հայտնի էր, մինչդեռ ՀՀԿ ավագանին դեմ քվեարկեց Ելքի առաջարկին: «Այսօր կողմ եք, ի՞նչ է փոխվել»,-հարցրեց Բախշյանը:
Տարոն Մարգարյանը նշեց, թե իրեն առաջարկել էին հարցը միասին քննարկել, մինչդեռ «Ելքը» առաջ ընկավ ու առանձին հանդես եկավ: «Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց, քանի որ մեզ մոտ քննարկումը չէր ավարտվել»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ն «Ելքի» առաջադրած Մոնթեի անվամբ փողոց կոչելու նախագծին «փայ մտավ»:
Տարոն Մարգարյանը նման տերմինը օգտագործելը տեղին չհամարեց և նշեց, թե ընդամենը «Ելքը» ուզում էր «վերմակը քաշել մի քիչ իր վրա»:
«Ելքի» անունից զեկույցով հանդես եկավ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով նշեց, որ իրենց համար կարևոր էր, որ քննարկումների արդյունքով փողոցը անվանակոչվի, և նախագիծը հավանության արժանացավ: Ըստ նրա, իրենք որոշակիորեն հետ են մնում հասարակական պահանջից:
Վարման կարգով խոսեց նաև ՀՀԿ ավագանու անդամ Մարտին Մկրտչյանը, ով նշեց, թե երբ այդ ճանապարհը կառուցվեց, արդեն ընդունվել էր որոշում, որ այն կկրի Մոնթե Մելքոնյանի անունը, երբ նույնիսկ «Ելքը» դեռ չկար:
«Այն ժամանակ դեռ խոսվում էր, բայց ամայի ճանապարհը պաշտոնապես անվանել Մոնթե Մելքոնյանի անվամբ՝ կլիներ ոչ այդքան ճիշտ, այդ պատճառով հարցը հետաձգվեց»,-ասաց նա:
Դավիթ Խաժակյանը նկատեց, թե «Ելք» խմբակցությունը եթե անվանակոչումների փաթեթը չներկայացներ, չէր ներկայացվի նաև այս հարցը: Տարոն Մարգարյաննս արձագանքեց, թե «երբևիցե մի բացառեք, պարո՛ն Խաժակյան»:
Ելույթի խոսք ասաց նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, ով նշեց, թե Մոնթեի անվամբ կենտրոնական մեծ փողոց պետք է անվանակոչվեր, ոչ թե ծայրամասային փողոց, որտեղ մարդիկ չեն էլ քայլում, հուշարձան տեղադրվի, պուրակ բացվի:
«Երկիր Ծիրանին իր վրդովմունքն է հայտնում մեծն Ավոյի անվամբ մի ծայրամասային փողոց անվանակոչելու մասին նախագծին, քվեարկությանը խմբակցությունը չի մասնակցելու»,-ասաց նա:
Հարցը դրվեց քվեարկության և անցավ միաձայն: Քվեարկությանը «Երկիր Ծիրանին» չմասնակցեց:










