Դիմակով ու կեղծամով հանցագործը թալանել է Լաս Վեգասի Bellagio հյուրանոցի խաղատունը (լուսանկար)
Զինված կողոպտիչը ներխուժել է Լաս Վեգասի հանրահայտ Bellagio հյուրանոց ու թալանել ներսում գտնվող խաղատունը, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ոստիկաններին դեռևս չի հաջողվել բռնել հանցագործին:
Հայտնի է, որ տղամարդը կրել է կեղծամ, դիմակ ու ակնոց: Նա ատրճանակը ձեռքին մոտեցել է դրամարկղին ու գումար պահանջել: Ոստիկանության փոխանցմամբ՝ աշխատակիցն իրեն շատ հանգիստ է պահել կանխիկ գումարը կողոպտիչին հանձնելու ժամանակ, որպեսզի հյուրերը խուճապի չմատնվեն:
Դեպքի վայրում է եղել նաև դերասան Ջեյմս Վուդսը, որն ուղղակի ապշել է խաղատան սպասարկող անձնակազմի ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմով ու սառնասրտությամբ:
«Մենք նստած պոկեր էինք խաղում Bellagio-ում, երբ մի երիտասարդ ատրճանակով ներս մտավ ու մեզնից մի քանի մետր այն կողմ գտնվող դրամարկղը թալանեց: Bellagio-ի անձնակազմն իրեն ֆանտաստիկ դրսևորեց: Նրանք անխոս հանձնեցին գումարը, որպեսզի այցելուներին ավելորդ անհանգստություն չպատճառեն: Իրականում ոչ ոք չհասկացավ, թե ինչ կատարվեց: Հրաշալի անձնակազմ է, որն այնքան խելամիտ գործեց դժվար իրավիճակում»,-գրել է 70-ամյա Վուդսը:

Ջեյմս Վուդս











