Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է վերացնել «աղջիկ փախցնելու» ավանդույթը
Չեչնիայի իշխանություններին հաջողվել է վերացնել «աղջիկ փախցնելու» ավանդույթը: Այս մասին ТАСС-ին հայտնել է երկրի մարդու իրավունքների պաշտպան Նուրդի Նուհաջիևը:
«Ներկա պահին հանրապետությունում անչափահաս աղջիկներն ու տղաները վաղ ամուսնություններ չեն կնքում: Նաև վերջ է տրվել հարսնացուներին առևանգելու և աղջիկներին բռնի կերպով տանելու ավանդույթին: Առավել ևս, դա չի համապատասխանել չեչենական մշակույթին: Ռամզան Կադիրովին և հասարակությանը հաջողվել է համարյա ամբողջությամբ ազատվել այս երևույթից», - ասել է օմբուդսմենը:
Նա ընդգծել է, որ Չեչնիայում կանանց իրավունքների պաշտպանությունն առաջին տեղում է:
«Մենք ունենք տոներ՝ Մոր օրը, Չեչեն կնոջ օրը: Այժմ աղջիկները հնարավորություն ունեն ազատ կերպով սովորել իրենց ընտրած մասնագիտությունը: Եթե նա կրթություն է ստացել և լավ մասնագետ է, ապա աշխատանք էլ կգտնի, ոչ ոք չի խոչընդոտի այս հարցում», - ասել է Նուհաջիևը:










