Նյու Յորքի ահաբեկչության համար մեղադրվող Սայֆուլո Սաիպովը հրաժարվել է ընդունել իր մեղքը
Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ահաբեկչական հարձակում իրագործած ու 8 մարդու կյանք խլած Սայֆուլո Սաիպովը հրաժարվել է դատարանում ընդունել իր մեղքը:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն՝ Նյու Յորքի հարավային շրջանի դատախազությանը հղումով, 29-ամյա Սաիպովը, որը ծնունդով Ուզբեկստանից է, կանգնել է դաշնային դատարանի առաջ՝ ծանոթանալով իրեն առաջադրված մեղադրանքներին: Այնուհանդերձ՝ Սաիպովն իրեն մեղավոր չի ճանաչել:
Հայտնի է, որ նա հաջորդ անգամ դատարանում կհայտնվի հունվարի 23-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սաիպովին առաջադրված մեղադրական եզրակացությունը բաղկացած է 22 կետից: Ընդհանուր առմամբ, ուզբեկ ներգաղթյալը մեղադրվում է 8 սպանության, 12 մահափորձի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու, ինչպես նաև բռնության և փոխադրամիջոցին վնաս պատճառելու համար:
Նշվում է, որ Սաիպովին ցմահ ազատազրկում կամ մահապատիժ է սպառնում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին տղամարդը վարձակալած մեքենայով դուրս էր եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհի վրա ու մարդկանց վրաերթի ենթարկել՝ դառնալով 8 հոգու մահվան և մոտ 12 հոգու վիրավորվելու պատճառ: Դրանից հետո վարորդը մխրճվել էր դպրոցական ավտոբուսի մեջ ու մեքենայով դիմել փախուստի:
Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվել էր կրակել կասկածյալի որովայնին, ինչից հետո նրան ձերբակալել էին: Մեքենայից դուրս ցատկելուց առաջ կասկածյալը բղավել է՝ «Ալլա՛հ աքբար», ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Ամենազոր Աստված»:
Հայտնի է, որ կասկածյալի մեքենայում հայտնաբերվել է գրություն, որում ասվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:










