Գահին հավակնող սաուդցի արքայազնին ազատ են արձակել 1 միլիարդ դոլարի դիմաց

12:48 • 29.11.17

Սաուդյան Արաբիայի արքայազն Միթեբ բին Աբդուլան, որը գահի հավակնորդներից էր և ձերբակալվել է հակակոռուպցիոն հետաքննության ընթացքում, ազատ է արձակվել ավելի քան 1 միլիարդ դոլարի դիմաց: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայում պաշտոնյայի:


Պաշտոնյան նաև նշել է, որ ևս երեք մարդ է ազատ արձակվել կառավարության հետ «համաձայնության» ձեռքբերումից հետո:


Ավելի վաղ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը պատմել է, որ արքայազնների մեծ մասը համաձայնել է կառավարության առաջարկին՝ ազատություն ստանալ իրենց միջոցների մի մասի դիմաց: Արդյունքում՝ հաջողվել է երկրի բյուջե փոխանցել մոտ 100 միլիարդ դոլար:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավոր և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ վերին իշխանական օղակներում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված լայնածավալ արշավի շրջանակում: Ավելի ուշ հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել և հարցաքննվել է 208 մարդ:


Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներին և գործարարներին պետությանը հանձնել իրենց կարողության և բիզնեսների մի մասը՝ ազատության դիմաց: