Բոլշևիկների անունները կրող փողոցները Վռամշապուհ արքայի, ապրիլյան հերոսների և Քըրք Քըրքորյանի անվամբ անվանափոխելու «Ելքի» առաջարկները մերժվեցին

16:52 • 29.11.17

Երևանի ավագանին այսօր հրավիրված նիստին մերժեց «Ելք» խմբակցության առաջարկած՝  Վռամշապուհ արքայի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկը, ինչպես նաև ապրիլյան հերոսների և նաև Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկները:

«Ելք» ավագանու խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը ներկայացրեց Վռամշապուհ արքայի անվամբ փողոց անվանակոչելու նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում էր Վռամշապուհ արքայի անվամբ անվանակոչել Արսեն Ամիրյանի փողոցը:

«Պարզվում է, որ այս մարդը, ազգանունից բացի, անուն էլ ունի»,-ասաց նա և նշեց, թե շատերը չգիտեին էլ, թե ինչ անուն է կրել «բաքվեցի բոլշևիկը, ով հայոց պետականության ստեղծման համար ոչինչ չի արել, և իր կենսագրությունը միայն նշանավորվել է նրանով, որ 26 կոմիսարներից մեկն էր»:

Թեհմինե Վարդանյանը նշեց, թե հետագայում փողոցը վերանվանվել է Վռամշապուհ արքայի անունով, մինչդեռ Երևանի քաղաքապետներից Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ փողոցին կրկին տրվել է «Ամիրյան» անունը, քանի որ փողոցի բնակիչները չեն համակերպվել փոփոխությանը:

Հայտարարվեց, որ Մշակույթի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս և մյուս նախագծերին: Քվեարկության դրվեց և մերժվեց նաև ապրիլյան հերոսների անվամբ Շենգավիթ վարչական շրջան Ֆրունզեի փողոցը անվանակոչելու առաջարկը: