Թուրքիան ակնկալում է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքների ժամանակ տեղի ունեցած սկանդալի մանրակրկիտ հետաքննություն

10:19 • 29.11.17

Անկարան ՆԱՏՕ-ից Նորվեգիայում դաշինքի զորավարժանքների ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպի հետաքննության է սպասում: Այդ մասին ասված է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Թուրքիան ակնկալում է Նորվեգիայում զորավարժանքների ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԱՏՕ-ի կողմից սկսված հետաքննության ընդլայնում: Նաև հայտարարվել է իրենց նպատակներով ՆԱՏՕ-ն օգտագործելու դաշինքի որոշ աշխատակիցների փորձերը կանխելու անհրաժեշտության մասին: Թուրքիան ուշադիր հետևելու է սկանդալի առնչությամբ իրադարձությունների զարգացմանը՝ երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, թուրք ժողովրդի և երկրի նախագահի նկատմամբ թշնամական մոտեցման պատճառով, ինչն անընդունելի է»,- ասված է հայտարարությունում:


Նշվում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժանքներին տեղի ունեցած սկանդալային միջադեպը «կարող է վնաս հասցնել դաշինքի հիմք հանդիսացող համերաշխության սկզբունքներին»:


Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Նորվեգիայում նոյեմբերի 8-17-ն անցկացված Trident Javelin զորավարժանքների կազմակերպիչները տեղադրել են «թշնամիների» պատկերներով ստենդ, որի վրա պատկերված են եղել Աթաթուրքը և ինքը՝ Էրդողանը:


Էրդողանի խոսքով՝ իրեն այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը: Վերջինս նշել է նաև, որ որոշում է կայացրել հետ կանչել ՆԱՏՕ-ի զորավարժանքներին մասնակցող 40 թուրք զինվորականներին: Թուրքիայի ղեկավարությունը պաշտպանել է այդ որոշումը: 


Թուրքիային հասցված վիրավորանքի համար ներողություն է խնդրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե-Յենսենն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար, սակայն Էրդողանը հայտարարել է, որ դա բավարար չի համարում: 


Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նորվեգական բանակի զինծառայողը, որը ներկայացրել է Թուրքիայի նախագահին որպես ՆԱՏՕ-ի թշնամիների աջակից, հեռացվել է զինված ուժերի շարքերից: