Հաագայի դատարանում դատապարտյալը վճռի հրապարակումից հետո թույն է խմել
Հաագայի միջազգային դատարանում նախկին Հարավսլավիայի հարցով դատական նիստի ժամանակ խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը վերաքննիչ ատյանի վճռի ընթերցումից հետո թույն է խմել:
Ինչպես մանրամասնում է meduza.io կայքը, նոյեմբերի 29-ին Հաագայում քննվել է Պրալյակի և ևս 5 բոսնիացի խորվաթի ներկայացրած բողոքարկումը, որով վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013թ. կայացված վճիռը: Հայտնի է, որ 4 տարի առաջ դատարանը Պրալյակին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:
Նշվում է, որ Պրալյակը թույնն ընդունել է վճռաբեկ ատյանի կողմից վճռի վերահաստատումից հետո: Միջադեպի հետևանքով դատական նիստը դադարեցվել է:
Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ դատապարտյալը սրվակով թույնը խմել է իր ելույթի ժամանակ: Այժմ նրա առողջական վիճակի մասին տեղեկություն չկա:










