«ԴԱՀԿ-ի մասին» նախագծով արգելք կդրվի անշարժ գույքի և ոչ թե դրամական միջոցների վրա, կփորձեն գույքն աճուրդում չվաճառել շուկայականի գնի 9%-ով 

16:02 • 30.11.17

 

ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթը:   

Ըստ հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանի՝ հարկադիր կատարողը որոշումը կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում` նախկին երկու ամսվա փոխարեն, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

Փոխնախարարը հատկապես կարևորեց փոփոխությունը, որը վերաբերում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելուն: Նրա խոսքով՝ արգելք դրվում է նախ անշարժ գույքի վրա և հետո` անմիջականորեն չներգրավված միջոցների:

«Պարտապանի գույքի վրա` որպես հայցի ապահովում, արգելանքը դրվում է հետևյալ հերթականությամբ՝ պարտապան իրավաբանական անձի պարագայում` նախ անշարժ գույք, ապա արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ, անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, եթե չի բավարարում պատրաստի արտադրանքը, և այնուհետև շարժական գույք»,-ասաց նա:  Իսկ պարտապան ֆիզիկական անձի պարագայում սահմանվել է` անշարժ գույք, ապա շարժական գույք:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ եթե նշվածները բավարար չեն, նոր միայն իրավունք է տրվում դրամական միջոցների վրա արգելք դնել: Նշենք, որ գործող օրենքի դեպքում անմիջապես դրամական միջոցների վրա է դրվում:   

Ըստ փոխնախարարի՝ միաժամանակ ճկուն համակարգ է դրվել, որ պարտապանը, ում գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա որպես հայցի ապահովում հայցագնի չափով արգելանք է կիրառվել, կարող է միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա դնելու կամ հայցագնի չափը գերազանցող գույքը արգելանքից հանելու մասին:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե փոփոխություններ են կատարվել «Հրապարակային սակարկությունների մասին»  օրենքում: «Հստակ ժամկետ ենք սահմանել, երբ է գույքը դրվելու աճուրդի, որ կամայական չձգձգվի»,-ասաց նա և շարունակեց, թե արգելք են դրել նաև, որ 10-րդ աճուրդից հետո աճուրդի է դրվում պարտապանի այլ գույք:

«Եթե այլ գույք չունի՝ շարունակվում է աճուրդը և 20-րդ աճուրդից հետո գույքը հանվում է աճուրդից: Ինչո՞ւ ենք այս փոփոխությունն արել. դուք գիտեք որ ամեն աճուրդի ժամանակ, եթե չի կայացվել, հաջորդի մեկնարկային գինը 10%-ով  իջնում էր և ստացվում էր, որ վերջին աճուրդում գույքի գինը շուկայական արժեքի  9 տոկոսն էր կազմում:Մենք գտնում ենք, որ նման գույքը այդ գնով չպետք է վաճառվի, մենք պետք է կանգնենք և ասենք, որ այս գույքը այս գնով չի կարող վաճառվել»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը փոփոխություններից գոհ էր. «Ուզում եմ հասկանալ`որտեղ եք գցում»:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե «Ելք» խմբակցության կողմից հաճախ է հնչում այդ միտքը. «Սովորեք, որ ոչ մի տեղ էլ չենք գցում»,– ասաց նա:

Օրենքի նախագծում կարևոր լուծումն, ըստ Արփինե Հովհաննիսյանի, առաջարկն է` հատկապես դրամական միջոցների և շարժական գույքի հերթականության մասով: Ըստ Հովհաննիսյանի՝ եղել է, որ դրամական միջոցները շատ ավելի ցածր են եղել, բայց օգտագործվել են, մինչդեռ կալանքի տակ են դրվել: «Այս խնդիրն անընդհատ եղել է և  վարչարարությամբ ենք փորձել լուծել ԴԱՀԿ-ի կայացված որոշումը: Այս փոփոխությամբ լուծում է տրվում շատ հարցերի, քանի որ իրավաբանական անձանց վրա դրամական արգելք դնելը սնանկացնել է, ասել՝ գնացեք, որտեղից ուզում եք փող բերեք»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը խոստովանեց, օրենքի նախագծում լրացումների կարիք կա, որին դեռևս այս փուլում լուծում տալը դժվար է, վերաբերում է գնահատված գույքի չափազանց էժան գնով վաճառքին:  

«Հանրային պրոբլեմ կա, միգուցե պետք է դադարեցնենք և ասենք, որ  50% գինն իջնելուց հետո դադարեցնեն աճուրդը, քաղաքացուն հնարավորություն տանք իր ապրանքը վաճառել, ինքը իրավունք վերցնի, որովհետև 100 միավորանոց գույքը վաճառվում է հինգ միավորով, երբ պարտքը 100 միավորանոց գույքի 3%–ն է»,-ասաց նա և նշեց, թե մյուս կողմից էլ պարտատիրոջ համար խնդրահարույց է և պետք է գտնել տարբերակ, որ շատ էժան էլ չվաճառի:

Հրայր Թովմասյանը նշեց, թե այս փուլում ձեռնպահ է մնում նման առաջակ անել: «Բայց խմբակցությունում քննարկման առարկա կդարձնեմ»,-ասաց նա:

Նախագիծն առանց Թովմասյանի առաջարկի դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց, մտնելով ԱԺ օրակարգ: