Կարո Եղնուկյանի խափանման միջոցը 1 մլն դոլար գրավի դիմաց փոխելու և գործն առանձնացնելու միջնորդությունները դատարանը մերժեց

14:58 • 30.11.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործով նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Կարո Եղնուկյանը հերթական անգամ միջնորդություն ներկայացրեց իրեն դատարան չբերելու,  գործից իր մասն անջատելու և մեկ մլն դոլարի դիմաց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

«Բժիշկներն իմ մոտ ախտորոշել են կրիզիսային հիպերտոնիա, որն ամեն անգամ սրվում է, երբ ես գալիս եմ դատարան: Ճնշումս բարձրանում է մինչև 220: Ես չեմ ուզում մեռնել կալանավայրում, ինչպես Հաց բերողը, բայց եթե այսպես շարունակվի, նույնը տեղի կունենա նաև իմ հետ»,-ասաց Եղնուկյանը:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ միջնորդեց փոխել Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը: Հիմնավորելով միջնորդությունը` Հայրապետյանն ասաց. «Եղնուկյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Ուստի միջնորդում եմ փոխել Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը 1 մլն դոլար գրավի դիմաց»:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդություններին, դատախազներն առարկեցին: Դատարանը, քննելով միջնորդությունները, մերժեց դրանք:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: