Ալմաթիի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչվել է Նուրսուլթան Նազարբաևի պատվին
Ղազախստանի Ալմաթի քաղաքի կենտրոնում գտնվող Ֆուրմանովի փողոցն անվանափոխվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ալմաթիի քաղաքապետարանին:
«Այսօր Ալմաթի քաղաքի մասլիխատի վեցերորդ գումարման նիստի ժամանակ (իշխանության տեղական ներկայացուցչական մարմին), հաշվի առնելով քաղաքի բնակիչների բազմաթիվ առաջարկները և համաձայնեցնելով դրանք քաղաքային և հանրապետական օնոմաստիկական հանձնաժողովների հետ, որոշվել է Ալմաթիի գլխավոր փողոցներից մեկն անվանակոչել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ Ելբասըի («ազգի առաջնորդ») պատվին»,- ասվում է Ալմաթիի քաղաքապետարանի հայտարարությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Ալմաթիի վարչակազմի ղեկավար Բաուըրժան Բայբեկը նշել է, որ «112 կրկնվող փողոցների անվանափոխման առաջարկից հետո մի շարք դիմումներ են ստացվել մտավորականության, կազմակերպությունների, քաղաքի բնակիչների և մասնավորապես երիտասարդների կողմից՝ անկախ Ղազախստանի հիմնադիր Ելբասըի անունով քաղաքի ամենագլխավոր փողոցներից մեկը՝ Ֆուրմանովի փողոցը, անվանակոչելու վերաբերյալ»:
Հայտնի է, որ դեկտեմբերի մեկին Ղազախստանում կնշվի հանրապետության առաջին նախագահի օրը:










