Իսրայելի խոշորագույն օդանավակայանը գործադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի

16:11 • 30.11.17

Թել Ավիվից 19 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը, որը խոշորագույնն է երկրում, չի աշխատի դեկտեմբերի մեկին և երկուսին՝ արհմիությունների հայտարարած գործադուլի պատճառով: Այս մասին հայտնում է Times Of Israel-ը:

Նշվում է, որ գործադուլը հայտարարվել է ի նշան քաղաքային իշխանությունների կողմից օդանավակայանից հարկ գանձելու հնարավոր որոշման դեմ բողոքի: Երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն գրավոր խոստացել է, որ դա տեղի չի ունենա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավակայանի ղեկավարությունը և արհմիությունների կոմիտեն հատուկ թիմ են ստեղծել, որը թույլ կտա ինքնաթիռների մեկնումը և վայրէջքն արտակարգ դեպքերում:

Գործադուլի պատճառով չեղարկվել է 180 չվերթ, և իրենց պլանավորած ճանապարհորդություններից զրկվել է մոտ 28 հազար ուղևոր: Օդանավակայանի ներկայացուցիչները խոստացել են մանկական սնունդ և վերմակներ տրամադրել այս ուղևորներին: