Ղազախստանի սենատը հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացմանը
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի`Սենատի անդամները նոյեմբերի 30-ին ընդունել են «Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը հիմնված է միջազգային չափանիշների ու մաքսային վարչարարության առաջադեմ պրակտիկայի վրա:
Այն ստեղծվել է յուրաքանչյուր 5 անդամ պետությանը բնորոշ առանձնահատկությունները հաշվի առնելով: Փաստաթուղթն առաջարկում է միանգամայն նոր մոտեցումներ, որոնք թույլ կտան ավտոմատացնել մաքսային գործողություններն արտահանման և ներկրման ժամանակ, օգտվել «մեկ պատուհանի» մեխանիզմից, ինչպես նաև ավելի հարմար պայմաններում բիզնես վարել պետական մարմինների հետ համագործակցության դեպքում: Բացի այդ, փաստաթղթում առաջարկվում է ներդնել էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմը:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:










