ՀԱՊԿ-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկ է կազմել

18:54 • 30.11.17

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ երկրներն ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկ են կազմել:

«Կարևոր է այն փաստը, որ մենք (ՀԱՊԿ՝ Tert.am) ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկ ենք պատրաստել: Այսօր աշխարհում մի շարք երկրներ և կազմակերպութուններ տարբերակում են լավ և վատ ահաբեկիչների՝ խոսելով այն մասին, որ պետք է համագործակցել լավերի հետ վատերի դեմ պայքարում», -РИА Новости-ն մեջբերում է Մակեյի խոսքը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չեն լինում «լավ և վատ ահաբեկիչներ»:

«Կա ահաբեկչական վտանգ, որի դեմ պետք է պայքարել: Կարծում եմ, որ մենք այս հարցում լուրջ առաջընթաց ենք գրանցել, սակայն դեռ շատ բան կա անելու», - ասել է Մակեյը:

Բելառուսցի գործիչը հավելել է, որ «ի տարբերություն այլ տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ում կարծիքների միասնականություն է գործում՝ այդ նոր սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի սերտ համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ»: 

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով: