Մեդվեդևն ասել է, որ իրեն չի տեսնում նախագահի պաշտոնում և մտադիր է աջակցել «հաջողակ նախագահ» Պուտինի թեկնածությանը

16:33 • 30.11.17

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցում անդրադարձել է 2018թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտնում է gazeta.ru-ն:

«Նախագահի թեկնածուների մասին ամեն ինչ պարզ կդառնա շատ շուտով»,-ասել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման դեպքում ինքն ու «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը կաջակցնեն նրան:

Մեդվեդևի խոսքով՝ «Պուտինը հաջողակ նախագահ է»:

Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ինքը կարող է առաջադրվել գալիք ընտրություններում, Մեդվեդևն ասել է, որ տվյալ ժամանակահատվածում իրեն չի տեսնում ՌԴ նախագահի պաշտոնում: