Երևանյան վարկային ընկերությունում տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է. կասկածյալը ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող է (տեսանյութ)
Երևանում վարկային կազմակերպությունում տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ նոյեմբերի 28-ին, ժամը 18.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Varks.am» կազմակերպության Մաշտոցի պողոտայի մասնաճյուղից ահազանգ էր ստացվել: Աշխատակցուհին հայտնել էր, որ զինված մարդ է ներս մետել ու գումար հափշտակել:
Պարզվել էր, որ հարձակվողը եղել է գլխարկով, դեմքին՝ բժշկական դիմակ, ձեռքում էլ՝ ատրճանակի նմանվող առարկա: Նա մոտեցել էր պատուհաններից մեկին ու սպառնալով փող էր պահանջել: Աշխատակցուհին նրա տված տոպրակն էր լցրել դրամարկղի գումարը, նախնական տվյալներով՝ 292 հազար դրամ, ու տվել հարձակվողին: Դեպքի պահին մասնաճյուղում եղել են կազմակերպության 6 աշխատակից, նաև 2 հաճախորդ, որոնք նրա դեմքը չէին տեսել:
Դեպքից երկու օր հետո՝ նոյեմբերի 30-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերվել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել Փայլակ Մարտիրոսյանը:
24-ամյա Մարտիրոյանը Լոռու մարզի Նորաշեն գյուղից է: Ընդամենը երկու ամիս առաջ ընդունվել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջ:
Մակարովի նմանվող օդամղիչ ատրճանակը հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Օդամղիչ ատրճանակը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: Այն ուղարկվել է փորձաքննության:
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են: Փայլակ Մարտիրոսյանը ձերբակալվել է: Ավազակային հարձակման հանագամանքները պարզվում են:










