Թրամփը Twitter-ում սխալմամբ դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետի անվանակցին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համար նախատեսված թվիթերյան գրառումն ուղղել է ոչ թե նրան, այլ վարչապետի անվանակցին՝ շարքային քաղաքացու:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա Թրամփն իր գրառման մեջ նշել է @theresamay օգտատիրոջը, որն իրականում որևէ կապ չունի Միացյալ Թագավորության վարչապետի հետ:
«Թերե՛զա @theresamay, ինձ վրա կենտրոնանալու փոխարեն, ուշադրություն դարձրեք Մեծ Բրիտանիայում առկա և քայքայիչ ազդեցություն թողնող արմատական իսլամական ահաբեկչության վրա: Մեզ մոտ ամեն ինչ լավ է»,-գրել է Թրամփը:
Սակայն ավելի ուշ Սպիտակ տունն այս գրառումը ջնջել է՝ պարզելով, որ նախագահն այն սխալմամբ այլ Թերեզա Մեյի է ուղղել:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ Թրամփի թվիթերյան ուղերձին նախորդել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ԱՄՆ նախագահին ուղղված քննադատությունը: Մասնավորապես՝ Թերեզա Մեյին դուր չէր եկել, որ Միացյալ Նահանգների ղեկավարը Twitter-ում կիսվել էր բրիտանական ծայրահեղ աջակողմյան խմբի առաջնորդի հրապարակած հակամուսուլմանական տեսանյութերով:











