Մղարթում ոսկու շահագործման հայտը կմերժվի, թե ոչ, պարզ կլինի լսումներից հետո. Ա. Տիտանյան

11:18 • 01.12.17

Լուսանկարը՝ hetq.am-ի


Լոռու մարզի Մղարթ համայնքում այսօր տեղի են ունենալու լսումներ՝ քննարկելու Արդվիի ավագանու կողմից ոսկու հանք շահագործելու հարցով մերժված «Միռամ»-ընկերության նոր հայտը, Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը: Ընկերությունն այս անգամ հանքի շահագործման հայտ ներկայացրել է Օձուն համայնքին, որի կազմում են և՛ Արդվին, և՛ Մղարթը, խոշորացման արդյունքում:

Մղարթ համայնքի հեռավորությունն Արդվիից երկու կիլոմետր է: Արսեն Տիտանյանը նշեց, որ Մղարթում հանքի շահագործում թույլ տալու կամ չտալու հարցը կորոշվի լսումների արդյունքներից հետո:

«Ինձ հետ համաձայնեցնելու բան չկա: Պետք է լսումները կազմակերպվեն, հետագա քայլերը ըստ օրենքի լինեն, ավագանու որոշում կայացվի»,-ասաց համայնքի ղեկավարը:

Tert.am-դիտարկմանը, թե Արդվի համայնքի ավագանին ընկերության հայտը մերժել էր՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը, այս դեպքում ժողովրդի կարծիքը որոշիչ դե՞ր խաղալու է  և ի՞նչ տրամադրություններ կան համայնքի բնակիչների շրջանում, Արսեն Տիտանյանը պատասխանեց.

«Լսումների արդյունքում կհասկանանք ժողովրդի կարծիքն ինչ է: Դա, իհարկե, ժողովրդի ցանկությամբ է լինելու: Ես դրա մասնագետը չեմ, մասնագիտական որևէ բան չեմ կարող ասել: Ժողովուրդը կմերժի, թե կողմ կլինի հետագա քայլեր իրականացնել, դա պարզ կլինի լսումների ընթացքում: Լսումներին մեր կողմից մասնակցելու են Արդվի, Մղարթ համայնքների բնակիչները, իսկ լրագրողները նաև ՀԿ-ները, անպայման, կլինեն, որովհետև ցանկություն են հայտնել մասնակցելու»,-ասաց Տիտանյանը:

Արդվի համայնքի նախկին գյուղապետ Սամվել Կիրակոսյանը, ում կառավարման ժամանակ էլ մերժվել էր հանքը շահագործելու հայտը,  Tert.am-ին հայտնեց, որ ինքն այսօր կայանալիք լսումներին չի մասնակցելու, քանի որ այլևս չի աշխատում: Իսկ ամիսներ առաջ մերժման որոշումն, ըստ գյուղապետի բացառապես ժողովրդի կարծիքը հաշվի առնելով է եղել:

«Արդվի համայնքում մերժել էր ավագանին, քանի որ բոլորի կարծիքը լսեց և եզրակացրեց մերժել: Ժողովուրդը չի ցանկացել, կարող եմ ասել` մոտ 98, 99 տոկոսը դեմ է եղել: Ես չգիտեմ Մղարթի ժողովուրդն ինչ կորոշի կամ ավագանին ինչ որոշում կկայացնի, բայց որ մի ամիս առաջ դեմ են եղել, մի ամիս հետո կողմ չեն կարող լինել»,-ասաց նախկին գյուղապետը:

Նախկին գյուղապետի խոսքով` համայնքում նախկինում էլ շահագործման փորձեր կատարվել են, թե ինչ աստիճանի, տեղյակ չէ:

Նշենք, որ «Միռամ» ընկերության մասով, որը Օձունում ներառված Արդվիի տարածքներում գտնվող (Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները) Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունի, սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ: