Ինչ էլ տեղի է ունենում, Կարոն անդրդվելի է. Բագրատ Էստուկյանը՝ Կ. Փայլանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու հնարավորության մասին
Ստամբուլում հրապարակվող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների անդամների դեմ սկսված արշավը, նրանց անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությունը կապված է Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցողի հետ:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է խոսել` արդյոք դատախազության կողմից Թուրքիայի մեջլիսի ղեկավարությանը ներկայացված պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու պահանջագրերը կբավարարվե՞ն, թե՞ ոչ:
«Այս ամենը կապված է Թուրքիայի ներքին կյանքում եղած լարվածության հետ: Միացյալ նահանգներում դատավարություն է ընթանում, Թուրքիայի նախարարներ և այլ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառակերության մեջ: Դա, անշուշտ, քաղաքականության մեջ իր անդրադարձն ունենում է»,- ասաց նա՝ հավելելով, որ արդյունքում Թուրքիայի ներքաղաքական կյանքում առաջացած լարվածությունը ամեն ինչ հնարավոր է դարձնում:
Նշենք, որ Թուրքիայում դատախազությունը 121 պատգամավորի անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը, որպեսզի նրանց դեմ իրավական գործընթաց սկսվի: Այդ պատգամավորներից մեկը Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն է: Ցանկում է նաև երկրի գլխավոր ընդդիմադիր`Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը` Քեմալ Քըլըքչադրօղլուն:
Խոսելով արդեն Կարո Փայլանին սպառնացողի մասին՝ Բագրատ Էստուկյանը նշեց, որ, իհարկե, սպասելի էր, որ հերթը նաև Կարո Փայլանին կհասնի: «Առաջին անգամ իր անձեռնմխելիությունից զրկվելու մասին էլ խոսակցություն եղավ,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ Կարո Փայլանին անձեռնմխելությունից զրկելու փորձը կապված չէ իր հայ լինելու հետ,- դա կապված է Կարո Փայլանի կուսակցության հետ: Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը վերջին շրջանում շատ ճնշումների է ենթարկվում, կուսակցության առաջնորդները, անդամները ձերբակալվեցին, Կարոն դուրս էր մնացել այդ ընթացքից, բայց հիմա երևի թե նրա հերթը հասավ»:
Կարո Փայլանը, անձեռնմխելությունից զրկվելու դեպքում, գուցե համայնքից սատարում ստանա, սակայն Բագրատ Էստուկյանի խոսքով՝ համայնքում կա նաև մի կարևոր, ազդեցիկ հատված, որ առանձնապես չի սատարում պատգամավորին:
«Որոշ ազդեցիկություն ունեցող մարդիկ կան, որոնք ամեն գնով աշխատում են փաստել, որ Կարո Փայլանը հայ ժողովրդի ներկայացուցիչը չէ, իր խոսքերը մեզ չեն հետաքրքրում, մենք պետությանը հավատարիմ ենք: Այսպիսի ստոր ձևակերպումներ ներկայացնող համայնքի ներկայացուցիչներ կան համայնքում»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանը նկատեց՝ այդպիսի վարվելակերպը «գեղեցիկ չէ»: «Կարոյի դեպքում, երբ անձը ամեն տեսակ անձնուրացությամբ, իր շահերն անտեսելով լծված է շատ կարևոր աշխատանքի, նման խոսքերն ասելը կատարյալ դավաճանություն է անշուշտ,- ասաց նա՝ նշելով, որ հատկապես Փայլանի ներկայությամբ ուրախ չեն Պոլսո պատրիարքարանի եպիսկոպոս Արամ Աթեշյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն,- այս քաղաքի մամուլում անգամ նրանք իրենց ծանրությունն ու կշիռն ու ազդեցության գոտին ունեն, և դա արդեն մտահոգության տեղիք է տալիս»:
Հարցին` ի՞նչ է սպասվում Կարո Փայլանին․ «Ակօսի» խմբագիրը նկատեց՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո հայազգի պատգամավորը հայտնվեց նման պայմանների մեջ․«Կեցվածք ունեցող, արժանապատվություն ունեցող անձնավորություն է Կարո Փայլանը: Հետևաբար, ինչ էլ տեղի է ունենում, Կարոն անդրդվելի է մնում, բայց, իհարկե, մենք նրա համար մտահոգվում ենք, ինչպես ժամանակին մտահոգվում էինք Հրանտ Դինքի համար»:
Նշենք, որ ավելի ուշ հայազգի պատգամավորի մամուլի խոսնակ Թամար Նալջըն հերքել է մամուլում տարածված լուրերը: Նրա հավաստմամբ՝ Կարո Փայլանի անձեռնմխելիությունը չեղարկելու կամ նրան պատգամավորական մանդատից զրկելու մասին նոր պահանջ Թուրքիայի գլխավոր դատախազությունը չի ներկայացրել: Հարցազրույցն արվել է մինչ պատգամավորի խոսնակի հերքումը:










