Բանակում չծառայած քաղաքացիների տուգանքը վճարելու համար ժամկետ սահմանենք 6 ամիս. Սասուն Միքայելյանը բանակից խուսափածների օրինագծի մասին
Բանակից խուսափածների մի մասը, որը ցանկություն ունի վերադառնալու Հայաստան, վստահաբար, կունենա տուգանքի համար անհրաժեշտ 3,600,000 դրամը: Այսօր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց նախագծի հարակից զեկուցող ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ նախագիծը բավականին նուրբ է, քանի որ պետք է այնպես գործել, որ չխրախուսվի բանակից խուսափել, ինչպես նաև պետք է այնպես անել, որ դրսում եղած հայրենակիցների ճանապարհը դեպի ՀՀ չփակվի:
«Այս նախագծով որոշակիորեն կնպաստեն, որ մեր շատ հայրենակիցները խուսափեն այդ գործողություններից և իրենց տղաներին չտանեն ու այս կարգավիճակում հայտնվեն: Քանի կա այս խնդիրը, մենք չենք կարող հարցը չքննարկել, դրա համար պետք է նաև փոփոխություն լինի մեր գիտակցության մեջ, որ հայ ընտանիքը չմտածի զավակին բանակից ազատելու ձևեր գտնելու ուղղությամբ»,- ասաց Ռոմիկ Մանուկյանը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկ ուներ: Նա գտնում է, որ պետք է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների տուգանքը վճարելու համար ժամկետ սահմանել, օրինակ՝ 6 ամիս:
«Մի բան էլ ասեմ, որ ասում եք նվազագույն աշխատավարձի չափով, բա պետությո՞ւն է, կարող է, միամիտ բարձրանալ աշխատավարձը: Աստված ոչ անի, բայց բարձրացավ, ի՞նչ եք անելու»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Նախագծի հարակից զեկուցող Ռոմիկ Մանուկյանն էլ, արձագանքելով Սասուն Միքայելյանին, ասաց, որ մտահոգությունը հասկանում է, սակայն նկատեց, որ օրենքը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելը պատգամավոր Կորյուն Նահապետյանի առաջարկն է եղել:
«Ինչ վերաբերում է գումարին, ասեմ, որ կարծում եմ այն մարդը, որը սպասում է այս օրենքին, կունենա այդ 3,600,000 դրամը»,- ընդգծեց Ռոմիկ Մանուկյանը:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն էլ, անդրադառնալով նախագծին նկատեց, որ իրենց դիրքորոշումը խնդրի հետ կապված չի փոխվել՝ Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ բանակից խուսափածների վերաբերյալ օրինագծի քննադատը։
«Մենք շարունակում ենք դիտարկել սա՝ ծառայությունից խուսափելու օրինական ճանապարհ, սա կարծես դարձել է խուսափումների հաշվարկային մեխանիզմ: Մարդիկ մտածում են՝ այդ 9 տարին դրսում կանցկացնենք ու ոնց էլ չլինի այդ գումարը կբերենք, կմուծենք ու կպրծնենք»,- շեշտեց Արտակ Զաքարյանը:
Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց, որ պարտադիր զինծառայությունից խուսափողների բեռն ընկնում է ԶՈւ ժամկետային զինծառայողների և սպայական կազմի վրա.«Մեր խնդիրը գումարը չէ, այլ այն հանգամանքը, պարզապես ուրիշների չծառայելու պատճառով իրենք են ավելի մեծ պատասխանատվության տակ ընկնում»,- հավելեց Արտակ Զաքարյանը
Փոխնախարարը, խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի առաջարկին, թե անհրաժեշտ է ժամկետ սահմանել տուգանքը վճարելու համար, ասաց, որ հարցը քննարկման ենթակա է:
Հիշեցնենք, որ նախագծի համաձայն՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով, գործողության ժամկետը երկարաձգելով՝ հնարավորություն է ընձեռվում 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից: Բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ՝ ընդհանուր 3,600,000 դրամ, ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:










