Հանրային լսումներ չկայացան, իսկ ավագանին չի կարող որոշում կայացնել առանց դրա. Օձուն համայնքի ղեկավարը` «Միռամ»-ընկերության հայտի մասին

16:10 • 01.12.17

 

Լուսանկարը՝ hetq.am-ի


Հանրային լսումներ տեղի չունեցան, քանի որ ժողովուրդը չհամաձայնեց դրանց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը` անդրադառնալով Լոռու մարզի Մղարթ համայնքում նախատեսված  լսումներին, որտեղ  քննարկվելու էր Արդվիի ավագանու կողմից ոսկու հանք շահագործելու հարցով մերժված «Միռամ»-ընկերության նոր հայտը:

Արսեն Տիտանյանը նշեց, որ քաղաքացիները հիմնականում դեմ են հանքի շահագործմանը: «Ես չեմ կարող ասել` հաջորդ քայլը որն է լինելու, ընկերությունը նորից փորձելո՞ւ է հանրային լսում կազմակերպել, թե՞ սրանով արդեն կավարտվեն իրենց քննարկումները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր անձնական դիրքորոշմանը, ապա նա նշեց, որ ինքն ի սկզբանե ասել է, որ ժողովրդի կողքին է լինելու և միանշանակ դեմ է հանքի շահագործմանը:

Համայնքապետը նշեց, որ ավագանին չի կարող որոշում կայացնել, մինչև հանրային լսումը չկայանա: «Ավագանու որոշումը լինելու է հանրային լսում իրականացնելուց հետո, իսկ քանի որ հանրային լսում չի կայացել, ավագանին չի կարող որոշում կայացնել»,-ասաց նա

Հարցին` տեսնո՞ւմ է որևէ հավանականություն, որ ժողովրդի կարծիքը կշրջանցեն, Արսեն Տիտանյանը պատասխանեց. «Որևէ հնարավորություն չկա առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ծրագիրը իրականացնելու, դա հնարավոր է միայն այն ժամանակ,  երբ ժողովուրդն իր տեսակետը փոխի, սակայն չեմ կարծում, որ կմտքափոխվի»,-ասաց նա:

Նշենք, որ «Միռամ» ընկերության մասով, որը Օձունում ներառված Արդվիի տարածքներում գտնվող (Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները) Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունի, սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ:  «Միռամ»-ընկերությունը այս անգամ հանքի շահագործման հայտ ներկայացրել է Օձուն համայնքին, որի կազմում են և՛ Արդվին, և՛ Մղարթը, խոշորացման արդյունքում: