Մակրոնը ցանկանում է ֆրանսերենը դարձնել աշխարհում ամենատարածված լեզուն

15:26 • 01.12.17

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աֆրիկյան շրջագայության ժամանակ խոստացել է ֆրանսերենը դարձնել աշխարհում ամենատարածված լեզուն:

Ինչպես նշում է The Independent-ը, Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարն այս մասին ասել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Մակրոնը վստահություն է հայտնել առ այն, որ իր մայրենի լեզուն կդառնա Աֆրիկայում և, միգուցե, ամբողջ աշխարհում ամենաշատ գործածվողը: Միևնույն ժամանակ, 39-ամյա Մակրոնն ընդգծել է, որ իր ասածը չպետք է դիտարկվի որպես գաղութատիրական մղում:

«Ֆրանսերենի շքեղությունն ու գրավչությունը չպետք է պատկանի միայն Ֆրանսիային»,-նկատել է Մակրոնը:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում ֆրանսերեն է խոսում 274 մլն մարդ: Այն տարածվածությամբ աշխարհում 5-րդ լեզուն է: