Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 7-8 բալ

09:20 • 01.12.17

Իրանի Իսլամական Հանրապետությունում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս անգամ դրա ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, փոխանցում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:

Որոշ աղբյուրներ հաղորդում են 6.1 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:


Հայտնի է, որ ցնցումները գրանցվել են երկրի հարավ-արևելքում՝ շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող իրանական Քերման քաղաքից մոտ 65 կմ դեպի հյուսիս-արևելք:

Նշվում է նաև, որ երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 530-ի: Մոտ 70 հազար մարդ մնացել էր անօթևան:

Ավելի ուշ՝ նոյեմբերի 24-ին, Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է 36 մարդ: