«Վետերան կադրերը». Օբաման Պեկինում հանդիպել է Չինաստանի ղեկավարին
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման ժամանել է Պեկին ու հանդիպել երկրի ղեկավար Սի Ծինփինին, հայտնում է The Guardian-ը՝ նկատելով, որ հանդիպումն անցել է բավականին ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում:
Աղբյուրն ընդգծում է, որ Օբամայի այցին նախորդել էր ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցը:
Չինական լրատվամիջոցները, անդրադառնալով այցին, գրել են, որ սա «վետերան կադրերի» հանդիպում էր: Նրանք նաև նկատել են, որ հանդիպման ժամանակ Օբաման ու Ծինփինն անընդհատ ժպտացել են:
Նշվում է, որ հանդիպման շրջանակում քննարկվել են ամերիկա-չինական հարաբերությունները, ինչպես նաև աշխարհում խաղաղության և կայունության հարցը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման խրախուսել է Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների զարգացումն ու պատրաստակամություն հայտնել շարունակել ներառված լինել ամերիկա-չինական կապերում:
The Guardian-ը նկատում է որ Օբամայի այցը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ նախագահ Թրամփը պարբերաբար կտրուկ քննադատում է Չինաստանի առևտրային քաղաքականությունը: Այնուհանդերձ՝ նա շատ լավ հարաբերությունների մեջ է Սի Ծինփինի հետ: Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ բոլոր նախագահներից ինքն ամենալավ հարաբերությունները Սի Ծինփինի հետ ունի:










