Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը դրական եզրակացություն ստացավ

14:51 • 01.12.17

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

Խորհրդարանականներն սկսեցին քննարկել օրենքի փոփոխության հետ կապված գրավոր առաջարկները, որոնք եղել են ԱԺ «Ելք» խմբակցության և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի կողմից:

«Ելք» խմբակցության առաջարկները ներկայացրեց պատգամավոր Արարատ Միրզոյանը և հորդորեց կետ առ կետ քննարկել այն: «Հասկանում եմ՝ ինչ հույզեր են առաջացնում մարդկանց մոտ, բայց մենք պետք է սառը գլխով դատենք: Խոսքը հանցագործության մասին է և հանցագործության համար պատիժ սահմանող, ոչ թե խրախուսող օրինագծի մասին է»,- ասաց Միրզոյանը:

Իսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը որոշեց իր առաջարկությունները քննարկման ու քվեարկության չդնել: Նա շեշտեց, որ հանում է առաջարկները, որպեսզի օրենքը հնարավորինս շուտ մտնի ուժի մեջ:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան էլ իր եզրափակիչ խոսքում ասաց.«Մարդիկ սպասում են, որ այս օրենքն ընդունվի: Առաջարկում են ընդունել նաև ԱԺ փոքր օրակարգ, որպեսզի հունվարի 1-ով օրենքը գործի»:

Ի վերջո` նախագիծը դրվեց քվեարկության և 4 կողմ ձայնով արժանացավ դրական երգակցության:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր գործընկերներին: «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյան էլ ծիծաղելով արձագանքեց.«Մենք ինչ ընդդիմադիր, դուք եք ընդդիմադիր, իսկ մենք մեր ժողովրդի կողքը կանգնած ենք»:

Հիշեցնենք, որ նախագծի համաձայն՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով, գործողության ժամկետը երկարաձգելով՝ հնարավորություն է ընձեռվում 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից, արարել, հայրենիքում ամուսնանալ: Բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ՝ ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք: ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի առաջարկով, օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

ՀեղինակԱնի Օհանյան