Պահանջում ենք եթերից հեռացնել այդ ծախու լրագրողներին ու փորձագետներին. Ռուսաստանի հայերի միությունն արձագանքել է ռուսական ԶԼՄ-ների՝ ԵՄ-Հայաստան համաձայնագրի քննարկմանը
Ռուսաստանի հայերի միությունն անդրադարձել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցներում թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկումներին՝ մեղադրելով ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների հակահայկական արշավի համար, որոնք «փորձում են ներկայացնել այս համաձայնագիրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական կուրսի փոփոխություն, Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դաշնակիցների հետ դաշնակցային հարաբերություններին դավաճանություն և ընդհանրապես՝ որպես հայկական քաղաքականության վեկտորի փոփոխություն»:
Միության կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ ոմանք հավասարության նշան են դնում Հայաստանի քաղաքականության և այն գծի միջև, որը տանում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան:
«Դժվար է հասկանալ՝ ի՞նչն է այստեղ ավելի շատ. անտեղյակությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերը սպասարկելը, որոնք ցանկանում են լարվածություն ստեղծել ռուս-հայկական հարաբերություններում, սեպ խրել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դաշնակիցների միջև», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվել է դաշնակիցների առաջ Հայաստանի ունեցած բոլոր պարտավորությունների երաշխավորված պահպանման պայմանով, և այն չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության միացյալ տնտեսական տարածք և ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ԵԱՏՄ-ի անդամ երկրների շահերի համար:
Հայտարարության տեքստում ասվում է, որ «ծայրահեղ անպատասխանատու լրագրողների և քաղաքական գործիչների գործողություններն» առաջացրել են համընդհանուր զայրույթ ինչպես Հայսատանում, այնպես էլ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական համայնքում՝ որպես երկրների միջև խնդիրներ ստեղծելու և ռուսական հասարակության աչքում Հայաստանի բացասական կերպար ստեղծելու փորձ:
«Ակնհայտ է, որ այս մարդիկ ելույթ են ունեցել Հայաստանի հասցեին հորինված մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանն այն քիչ երկրներից է նույնիսկ ԵԱՏՄ անդամների շարքում, որոնք հետևողականորեն աջակցում են Ռուսաստանին՝ ինչպես Ղրիմի, այնպես էլ ռուսական արտաքին քաղաքականության մի շարք այլ զգայուն հարցերում», - ասվում է հայտարարությունում:
Ռուսաստանի հայերի միությունը, եզրափակելով իր հայտարարությունը, դիմել է իշխանական կառույցներին՝ հույս ունենալով, որ նրանք որոշակի ազդեցություն ունեն ռուսական լրատվամիջոցների և հեռուստաալիքների վրա, ինչպես նաև ԶԼՄ-ների և հեռուստաալիքների ղեկավարներին՝ պահանջելով եթերից հեռացնել «այդ ծախու լրագրողներին, «վայ» քաղաքական գործիչներին և «փորձագետներին», որոնց դիրքորոշումն արձագանք չի գտնում ռուսական հասարակությունում, քանի որ սա վնաս է հասցնում առաջին հերթին հենց այդ լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվությունը, որը սեպ է խրում մեր եղբայրական ժողովուրդների և երկրների միջև»:
Հիշեցնենք, որ ռուսական НТВ հեռուստաալիքի «Հանդիպման վայրը» հեռուստածրագրի ընթացքում ռուս մեկնաբանները, քաղաքագետներն ու լրագրողներն անդրադարձել էին հայ-ռուսական հարաբերություններին՝ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման ֆոնին: Հաղորդման շրջանակներում ելույթ ունենալիս քաղաքագետ Օլեգ Բարաբանովը, վերլուծելով Եվրոպա-Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ասել էր. «Հայաստանն, իհարկե, Եվրոպային պետք չէ, խնդիրը պարզ է՝ սեպ խրել Եվրասիական միությունում, որը նոր-նոր է սկսում զարգանալ: Այստեղ հարցը Եվրոպային չի ուղղվում, քանի որ Եվրոպան միշտ էլ այդպես է վարվել: Այստեղ հարցն ուղղվում է Հայաստանին»: Քաղաքագետը Հայաստանը համեմատել էր «Տրոյական ձիու» հետ՝ ակնարկելով, որ Եվրամիության հետ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին առևտրի ոլորտում շրջանցել Եվրասիական միությանը:










