«Փրկվածներ չեն լինի». Արգենտինան դադարեցնում է «Սան Խուան» սուզանավի անձնակազմի փրկարարական աշխատանքները

10:13 • 01.12.17

Արգենտինայի իշխանությունները որոշել են դադարեցնել նոյեմբերի 15-ին անհետացած «Սան Խուան» սուզանավում եղած 44 հոգանոց անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքները, հայտնում է ria.ru-ն:

Երկրի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկե Բալբին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք նախատեսված ժամանակից կրկնակի ավել են իրականացրել որոնողափրկարարական աշխատանքները, սակայն մարդկանց և սուզանավի որևէ հետք չի հայտնաբերվել:

Նա նաև հավելել է, որ սուզանավի անձնակազմից ողջ մարդ գտնելու հավանականություն այլևս չկա:

«Փրկվածներ չեն լինի»,-ասել է Բալբին:

Նրա խոսքով ՝ ավելի ուշ սուզանավի որոնողական աշխատանքները կվերսկսվեն:

Հիշեցնենք, որ սուզանավի հետ կապը կորել էր նոյեմբերի 15-ից: Հաստատված վերջին կապի ժամանակ «Սան Խուան»-ից հայտնել էին վթարի մասին: Դրանից հետո սկսել է շրջանառվել այն վարկածը, որ սուզանավում կարող էր պայթյուն տեղի ունեցած լինել: