Թաիլանդում փիղը ոտնատակ անելով սպանել է գերմանացի զբոսաշրջիկին

13:47 • 01.12.17

Թաիլանդի Չանգ կղզու «փղերի գյուղում» փիղը, որի վրա նստած ման են տվել զբոսաշրջիկներին, էքսկուրսիայի ավարտից հետո անսպասելիորեն հարձակվել է գերմանացի զբոսաշրջիկի վրա և ոտնատակ անելով սպանել նրան, ինչից հետո 2 ռուս զբոսաշրջիկ ստիպված է եղել ցատկել մեկ այլ փղի վրայից. նրանցից մեկը վնասվածք է ստացել: Այս մասին РИА Новости-ին հայտնել են տուժած ռուսաստանցիները:

Տուժածների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին:

«Էքսկուրսիան ավարտվում էր, բոլորն արդեն իջնում էին փղերից: Առաջին փղի վրա նստած երիտասարդները՝ նույնպես Ռուսաստանից, բարեհաջող իջան, և հանկարծ այդ փիղը զայրացավ ու հարձակվեց իրեն լուսանկարող գերմանացի զբոսաշրջիկի վրա: Փիղը ոտնատակ անելով սպանեց գերմանացուն բոլորի աչքի առաջ», - պատմել են գործակալության զրուցակիցները:

Զբոսաշրջիկների խոսքով՝ դրանից հետո իրենց փիղը սարսափից սկսել է անկանոն շարժումեր անել և վազել: Կինը ցատկել և ընկել է խոտի վրա, իսկ նրա ամուսնուն վնասել է կենդանու մեջքին տեղադրված նստարանը: Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել լուրջ վնասվածքներով և կողերի կոտրվածքի կասկածով:

Տուժածի կնոջ կարծիքով՝ դժբախտության մեղավորները գյուղի տերերն ու փղերի ուղեկիցներն են:

«Սա կամ փղերի հանդեպ դաժան վերաբերմունք է, կամ որևէ այլ բան, ինչի համար մեղավոր են մարդիկ: Փիղը չեր կարող առանց պատճառի հարձակվել մարդու վրա, կենդանիների մոտ նման չար մտադրություններ չեն լինում», - ասել է կինը: