ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել 30 տարվա ընթացքում ամենախոշոր հարկային բարեփոխումը

14:00 • 02.12.17

Ամերիկյան սենատը հավանության է արժանացրել հարկային բարեփոխման մասին օրենքը, հայտնում է Reuters գործակալությունը: Գործակալությունը փաստաթղթի դրույթներն անվանել է այդ ոլորտում օրենքների ամենախոշոր վերանայումը:


Օրենքի նախագիծը պատրաստել են հանրապետականները, դրա օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ՝ 49: Օրենքի նախագծի դրույթներից մեկը նախատեսում է ԱՄՆ-ի կորպորացիաների շահույթի հարկերի նվազում 35-ից 20 տոկոսի:


Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ դա կմեծացնի ամերիկյան տնտեսության մրցունակությունը, ինչպես նաև արտասահմանից հետ կվերադարձնի ամերիկյան կորպորացիաների շահույթը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր բարեփոխումը սեպտեմբերին, նա նաև այն անվանել է երեք տասնամյակի ընթացքում ամենամասշտաբային բարեփոխումը:


Անցած ամիս Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել հարկային բարեփոխման իր տարբերակը: Այժմ երկու ընդունված փաստաթղթերը պետք է անցնեն համաձայնեցման գործընթաց, մինչև միասնական օրենքի նախագիծն ուղարկվի Դոնալդ Թրամփի ստորագրմանը: